Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն չեն քննարկել Բելառուսի պետության տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նաեւ հայտարարել է, որ իբր այդպիսի հնարավորության համար Ռուսաստանի կողմից Լուկաշենկոյին սատարելու մասին պնդումները «ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ»:

Նրա խոսքով՝ նախագահների շփումը կայացել է դեմ առ դեմ, ղեկավարները քննարկել են երկկողմ կապերը, առեւտրատնտեսական համագործակցությունը: «Նրանք իրականում միասին նստել եւ զրուցել են գրեթե չորս ժամ: Զրույցը դեմ առ դեմ է եղել»,- ասել է Պեսկովը Սոչիում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ այս հանդիպմանը նախորդել էին Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների միջեւ բավականին մանրամասն բանակցություններ՝ Մինսկ էր այցելել. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից Մոսկվա էին ժամանել նաեւ տարբեր գերատեսչությունների պատվիրակություններ: «Ուստի նախագահներն, ըստ էության, հիմնեցին իրենց զրույցը երկու կողմերի կատարած բծախնդիր աշխատանքի վրա: Իհարկե, առաջին հերթին քննարկեցին երկկողմ կապերը, առեւտրատնտեսական համագործակցությունը»,- պատմել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Առանձին անդրադարձան Բելառուսի մասնակցությանը ռուսական «Սպուտնիկ» պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլին: Պուտինի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ մատակարարման առաջին խմբաքանակի պատրաստման վերաբերյալ, որը նախատեսված է լինելու Բելառուսի համար»,- ասել է նա լրագրողներին:

Պեսկովը նշել է, որ կողմերը մեծ նշանակություն են տալիս այս ոլորտում համագործակցությանը: «Համաձայնեցվել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի նոր վարկ, որը տրամադրվելու է Բելառուսին: Այս վարկի մի մասը կօգտագործվի նախկինում տրամադրված փոխառու միջոցները վերաֆինանսավորելու համար: Իսկ մի մասը, ըստ էության, նոր դրամական միջոցներ են»: