Դիպուկահարներին առաջապահ գծից հանելու կոչը հայկական կողմի կոչը չէ: Այս մասին են խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Սա միջազգային կառույցների, հրադադարի ռեժիմի պահպանմամբ շահագրգիռ ուժերի ցանկությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: 

Նրա խոսքով`եթե ադրբեջանական կողմը կարծում է, որ դիպուկահարները իրեն ինչ-որ դիվիդենտներ են բերում, դա իր գործն է: Սակայն, պատգամավորի խոսքով, Բաքուն պետք է հստակ գիտակցի, որ հակառակ կողմում նույնպես դիպուկահարներ կան, որոնք գործել ու գործում են: Եթե ադրբեջանական ղեկավարության մոտ ափսոսանք չի առաջացնում սեփական զինվորների մահը, ապա թող որ նրանք նույն ոգով շարունակեն իրենց անելիքը: Այդ պատճառով էլ խելամիտ կլիներ լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կոչն ու դիպուկահարներին դուրս բերել:

«Ինչ վերաբերում է տարածքներին, որտեղից ըստ ադրբեջանական կողմի, պետք է հանվեն զորքերը, ապա դրան կարելի է պատասխանել հետեւյալ կերպ` երազելը վնասակար չէ: Սակայն, որպեսզի երազանքներդ ի կատար ածվեն, պետք է ցանկություններիդ հարցում համաձայնության գաս»,- ընդգծեց Աթանեսյանը` հավելելով, որ ղարաբաղյան կողմն իր որոշումը կայացրել է 1994 թվականին: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ։ Մասնավորապես, ադրբեջանցի նախարարի վարկածով, «կամ մենք խաղաղ համաձայնագիր ենք կնքում կամ քայլ առ քայլ մոտենում ենք հակամարտության լուծմանը»։ «Առաջին փուլում, իհարկե, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը։

Նա չի շրջանցել նաեւ դիպուկահարների հարցը։ «Հայերն ասում են՝ դուրս բերեք դիպուկահարներին։ Այդ բառերը ծիծաղ են առաջացնում։ Դիպուկահարներն իրենք իրենց չեն եկել, որ նրանց հանենք»,- ասել է նա։