ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկողներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջելով բանակցել ՌԴ գործընկերների հետ, որպեսզի ՌԴ-ն բացի Հայաստանի հետ սահմանը։

«Դոշակ, վերմակ դրեք, այսօր այստեղ ենք։ Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն այնքան ժամանակ մինչեւ լուծում ստանա մեր պահանջը։ Ասեմ, որ ոչ մի պատասխան չենք ստացել։ Բազմիցս դիմել ենք ԱԳՆ, նշվել է, որ 3 օրվա ընթացքում կգա պատասխան, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ պահանջով հանդես եկող քաղաքացիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել նաեւ Կառավարության դիմաց։

Վերջին անգամ նրանք անգամ հանդիպում են ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Պատգամավորները խոստացել էին ԱԺ այսօրվա նիստում բարձրացնել իրենց հարցը։

Նշենք, որ այդ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները լրագրողներին ասել էին՝ դժգոհ են հանդիպումից, եւ, որ սպասելու են մինչեւ սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստին, հույս ունենալով, որ իրենց հարցը կլուծվի։