Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում եւ խրոնիկ դարձած աղբատեղիներում, 12 վարչական շրջանների սանիտարական մաքրման բոլոր ընկերությունների մեքենա-մեխանիզմների, աշխատուժի եւ աշխատանքային գործիքների ներգրավմամբ` մինչեւ 2011թ. մայիսի առաջին տասնօրյակը ներառյալ, իրականացվել են սանմաքրման եւ աղբահանության աշխատանքներ, որոնց ակտիվորեն մասնակցել են նաեւ համատիրությունները:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մաքրվել եւ պատշաճ տեսքի է բերվել ընդհանուր թվով շուրջ 615 բակային տարածք եւ խրոնիկ դարձած 10 աղբատեղի: Աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 930 խմ կենցաղային եւ շինարարական աղբ։ Ընդ որում, միայն խրոնիկ աղբատեղիներից շուրջ 265 խմ աղբ է տեղափոխվել:
Նույն ժամանակահատվածում Երեւանում իրականացված ծառատունկի աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ընդհանուր առմամբ 29 հազար 800 ծառ, որից 9500 մշտադալար, իսկ մնացածը տերեւավոր: Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոռոգելի հատվածներում:



























