«ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը պաշտպանելու է իր գործարար համբավը` Թուրքիայում գործակալության բրենդի ոչ իրավաչափ օգտագործման կապակցությամբ:

Գործակալության կայքում ասվում է, որ «ՌԻԱ Նովոստիի» անունից թուրքական լրատվամիջոցներում տարածվել են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ, որոնք ռուսաստանյան գործակալությունը  չի պատվիրել:

Վերջին օրերերի ընթացքում թուրքական լրատվամիջոցներում հայտնվել է սոցիոլոգիական հարցման վերաբերյալ տեղեկատվություն, որն իբր անցկացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգայի RIJA-SAM  կոնսորցիումի կողմից: Ըստ հրապարկումների` հարցումն իբր անցկացվել է «ՌԻԱ Նովոստիի» աջակցությամբ եւ զետեղված է նաեւ գործակալության պաշտոնական կայքում:

Ավելին, ըստ գործակալության, այդ հարցման նկատմամբ Թուրքիայում մեծ հետաքրքրությունը պայմանավորված է նրա սադրիչ բնույթով: «Խորհրդարանական ընտրություններում, ըստ այդ հարցման, հաղթանակը վերապահում է թուրքական հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, այն դեպքում, երբ բոլոր հետազոտությունները կանխատեսում են կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը »,-նշվում է գործակալության կայքում:

Այս կապակցությամբ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական տնօրինության ղեկավար Միխայիլ Սաֆրոնովը հայտարարել է, որ «ՌԻԱ Նովոստիի» բրենդի ներքո նման տեղեկատվության տարածումը ոչ միայն մոլորեցնում է հասարակությանը, այլեւ վնաս է հասցնում գործակալության գործարար համբավին: