Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որի նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարված,  հայտնել է Թբիլիսի վերադառնալու մասին` մայիսի  25-ին ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար:

«Ես կարող եմ երկու բան խոստանալ, որ մայիսի 25-ին կլինեմ Վրաստանում եւ որ մայիսի 25-ը կլինի գործող իշխանության վերջին օրը: Ինչ վերաբերում է իմ ձերբակալության մասին հայտարարություններին, ապա դա նշանակություն չունի», -«Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ասել է Օքրուաշվիլին:

«Այն բռնությունը, որն այսօր իշխանությունը կիրառեց իր ժողովրդի նկատմամբ, անհետ չի մնա: Մայիսի 25-ին ես ընկերներիս հետ վերադառնում եմ Վրաստան` Սահակաշվիլիի ռեժիմին վերջ տալու համար», – ընդգծել է Օքրուաշվիլին:

ՆԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Վրաստանի սահմանն անցնելուն պես Օքրուաշվիլին կձերբակալվի, քանի որ նրա նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով գործ կա հարուցված:

Նշենք, որ Սահակաշվիլիի նախկին զինակից Օքրուաշվիլին 2007թ. պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց հետո հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու  մասին եւ հանդես էր եկել երկրի բարձրագույն ղեկավարության հասցեին քննադատությամբ: