Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ տարաձայնություններ չկան Պաղեստինյան պետության սահմանների հետ կապված քննարկումից հետո: Տարաձայնությունների մասին լուրերը նա չափազանցված է համարել:

ԱՄՆ նախագահը մայիսի 20-ին Պետքարտուղարությունում ունեցած ելույթի ժամանակ Իսրայելին կոչ էր արել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ըստ Բ. Օբամայի` պաղեստինյան ժողովուրդը պետք է հստակ սահմաններ ունենա Իսրայելի, Հորդանանի եւ Եգիպտոսի հետ, ինչպես նաեւ օգտագործի իր ինքնակառավարման իրավունքը:

Մեկնաբանելով այդ առաջարկը` Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նշել էր, որ 1967թ. սահմաններին վերադարձն աղետալի կլինի երկրի համար: Այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել  մինչեւ Վեցնօրյա պատերազմը, ներկայումս չեն կարող պաշտպանվել:

Իր հերթին պաղեստինյան ազգային վարչակազմը մայիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Նեթանյահուի որոշումը գնահատել էր որպես  «ապացույց այն բանի, որ Իսրայելի վարչապետը պատրաստ չէ խաղաղության հաստատման` արդարության եւ միջազգային իրավունքի հիման վրա»: