«Ֆայբերնետ» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել մայիսի 20-ին ընկերության կողմից «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից վարձակալվող ինետրներտային մալուխը կտրվելու վերաբերյալ:

Ըստ այդմ, նշվում է, որ մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել է կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի եւ ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջեւ:

«Դեպքի վայր են ժամանել  ինչպես մեր ընկերության, այնպես էլ  «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները եւ հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ խողովակը, այնպես էլ երկրորդ պաշտպանիչ խողովակը եւ ինքը՝ մալուխը: Պատկերն առավել հստակ է դառնում տեղում կատարված լուսանկարները զննելիս:

Հիմք ընդունելով կատարված լուսանկարները, մենք հակված ենք ենթադրել, որ խողովակները եւ մալուխը կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ:

«Ֆայբերնետ» եւ «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությունների աշխատակիցների օպերատիվ եւ համաձայնեցված գործողությունների շնորհիվ մալուխի վնասված հատվածը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Իրավիճակին համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կազմվել է տեղի ունեցածի վերաբերյալ ակտ եւ տարվում է հետաքննություն: Մենք կարծում ենք, որ հետաքննությունն ավարտվելուց հետո «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները կկարողանան տրամադրել մանրամասն տեղեկատվություն
Իհարկե հակառակ տարածված կարծիքի, թե սա մրցակիցների կողմից կատարված գործողություն է, մենք հակված չենք այդպես մտածել:

Կցանկանայի նշել, որ չնայած շուկայում տեղ գտած բավական լուրջ մրցակցության, մենք կարողանում ենք պահմանել մեր մրցակիցների հետ առողջ հարաբերությունների մթնոլորտը: Մասնավորապես նմանատիպ պատահարների հետեւանքներից խուսափելու նպատակով, «Ֆայբերնետ» ընկերությունը բանակցություններ է վարել իր մրցակից ընկերությունների հետ,  նրանցից ստացել ենք հստակ կոմերցիոն առաջարկներ, որոնք թույլ կտան ձեռք բերել պահուստային թողունակություններ ՀՀ Տարածքում նման իրավիճակներից խուսափելու նպատակով: Կցանկանայինք նաեւ նշել, որ վերջերս մեր ընկերությունը մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՀՀ տարածքից դուրս գտնվող կապուղիների պահուստայնությունն ապահովելու եւ որակական չափանիշները լավացնելու ուղությամբ, որոնց մասին առավել մանրամասն կմեկնաբանենք մոտակա օրերին»,- ասված է «Ֆայբերնետ» ընկերության հաղորդագրության մեջ: