«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) մեկնարկում է 2011-2012 թթ. ուսանողների ստաժավորման` «3-րդ սերունդ» ծրագիրը, որը Հայաստանի բուհերի բարձր կուրսերի ուսանողների համար խոշոր ընկերությունում ընտրված մասնագիտությամբ գործնական փորձ ստանալու լավ հնարավորություն է:
«ԱրմենՏել»-ից NEWS.am-ին հայտնում են, որ ամառային 2 ամիսների ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաեւ սովորել «Հայաստանի Beeline Համալսարանում»: Ամառային ստաժավորման ավարտին լավագույնները կկարողանան շարունակել աշխատանքը «ԱրմենՏել»-ում` ճկուն գրաֆիկով, որը կարելի է համատեղել դասերի հետ: Հետագայում շրջանավարտների առջեւ բացվում է «ԱրմենՏել»-ում մշտական աշխատանքի ընդունվելու հեռանկար:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի բուհերի բարձր կուրսերի ուսանողները: «ԱրմենՏել»-ում ստաժավորում անցնել ցանկացողները պետք է մինչեւ հունիսի 1-ը լրացնեն համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում եւ ուղարկեն այն [email protected] հասցեին:
Հայաստանում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրն իրականացվում է 2008 թվականից: Երեք տարիների ընթացքում ստաժավորում են անցել տասնյակ ուսանողներ, որոնց մեծ մասն այժմ հանդիսանում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակից: Ծրագրին ներգրավված են ընկերության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, վաճառքի եւ ֆինանսների տնօրինությունները:




























