«Էխո Մոսկվի» ռադիոկայանի աշխատակիցները զայրացած են Բաքվի այն որոշումից, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց եւ նախագահ Բակո Սահակյանից հարցազրույց վերցնելուց հետո ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բութմանն Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարվել։
«Սերգեյ Բութմանի՝ Ադրբեջան այցելելու արգելքն այլ բան, բացի զարմանքից, առաջացնել չի կարող»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում գրել է ռադիոկայանի տնօրեն Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Առաջին, ես բողոք եմ արտահայտում Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցների գործողությունների դեմ։ Երկրորդ. մտադիր եմ նամակով դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խնդրելով չեղյալ հայտարարել այդ որոշումը։ Երրորդ, ուզում եմ հայտնել մեր ունկնդիրներին, որ այսուհետ եւս «Էխո Մոսկվիի» աշխատակիցները գնալու են այնտեղ, ուր նրանց կուղարկի իրենց գլխավոր խմբագիրը, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կորոշեն օտարերկրյա պետությունների ԱԳՆ աշխատակիցները»,- նշել է Ալեքսեյ Վենեդիկտովը։
Նշենք, որ Ղարաբաղ այցելելուց եւ նախագահ Բակո Սահակյանից հարցազրույց վերցնելուց հետո ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բութմանն Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարվել։




























