Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն այսօր` մայիսի 23-ին Երեւանում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆյուրիին է ներկայացրել զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության Հայաստանում գործող մեխանիզմները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Կիրակոսյանը նշել է, որ այդ մեխանիզմներն աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում եւ հանդիսանում են պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը:
Ժնեւի կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցությունն առավել ընդլայնելու եւ սերտացնելու հնարավորությունները:
Նշենք, որ Զինված ուժերի ժողովրդական վերահսկման Ժնեւի կենտրոնը հիմնվել է 2000թ.: Ներկայումս դրան անդամակցում է 58 պետություն, ներառյալ` Հայաստանը, որը միացել է կազմակերպության խորհրդին 2002թ. նոյեմբերի 14-ին:




























