Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, վաղը` մայիսի 24-ին դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱԱԾ-ի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ սարքված քրեական գործով դատական հերթական նիստը:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ երեք ամիս անազատության մեջ պահվող «քաղաքական պատանդ» Տիգրան Փոստանջյանը արդեն 13 օր է, ինչ հացադուլի մեջ է` բողոքելով իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններից եւ ապօրինաբար իր դեմ որպես խափանման միջոց ընտրված կալանքից:

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Զարուհի Փոստանջյանին կրկին ապօրինաբար արգելեց մուտք գործել մեկուսարան:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար, ապա նա կալանավորվել է: Տ. Փոստանջյանը հայտարարել է, որ այդ գործի մասին տեղեկացել է դատախազության կայքից եւ որ դա ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն: