Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը նշել է, որ Մ. Յովանովիչի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերը` հատկապես ընդգծելով ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը:
Նա բարձր է գնահատել նաեւ դեսպանի ջանքերը` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում աջակցության եւ համագործակցության համար:
Դեսպանն իր հերթին վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը հետագայում եւս կշարունակվի` ավելացնելով, որ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:



























