Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ: ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձ է հղել, որում ասվում է. «Պաշտպանական բարեփոխումների շրջանակում մեր հիմնական նպատակն է ունենալ մարտունակ, արդյունավետ եւ ժամանակակից զինված ուժեր: Նշյալ որակների ապահովումը թելադրված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացման միջոցառումներին հատկացվող ֆինանսական սահմանափակ ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Տվյալ նպատակներին հասնելու համար մենք նախաձեռնել ենք մի գործընթաց, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայում: Վերանայումն առաջին հերթին նպատակաուղղված է ազգային անվտանգությանն սպառնացող առկա եւ հավանական ռազմաքաղաքական ռիսկերի ու սպառնալիքների բացահայտմանը»:
Փաստաթուղթը տեղադրված է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում: Դրանում անդրադարձ կա երկրի ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաեւ զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին: Փաստաթղթի կապակցությամբ ուղերձ է հղել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:




























