Ֆրանսիայում մայիսի 15-22-ը Իլ-դը-Ֆրանս շրջանի Վալ-դը-Մարն դեպարտամենտում տեղի է ունեցել Բանաստեղծների 11-րդ բիենալը, որին այս տարի մասնակցել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Վրաստանը ներկայացնող 11 բանաստեղծներ:
Հայաստանը ներկայացրել են բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Սիմոնյանը, Արփի Ոսկանյանը: ԼՂՀ ներկայացուցիչն էր բանաստեղծ Ռոբերտ Եսայանը: Միջոցառման կազմակերպիչն էր Վալ-դը-Մարն դեպարտամենտի Գլխավոր խորհուրդի մշակույթի վարչությունը, որի ջանքերով նախապես տպագրվել էր հեղինակների կենսագրականներն ու ստեղծագործություններն ամփոփող ֆրանսերեն ժողովածուն:
Հայաստանցի եւ արցախցի բանաստեղծները ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները իրենց հյուրընկալող դեպարտամենտի եւ հարակից քաղաքների (Փարիզ, Կրետեյ, Նոժան, Սեն Քենտեն, Իվրի, Վիտրի) տարբեր հաստատություններում, հանդիպումներ ունեցան Փարիզի Ուսանողական տան եւ Ալֆորվիլի գրասեր հասարակայնության հետ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:




























