Հայաստանում գտնվող Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան այսօր` մայիսի 23-ին հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Չիլիի կենսաթոշակային ռեֆորմը հետաքրքիր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը նույնպես կենսաթոշակային ռեֆորմների ճանապարհին է

Խոսե Պինիերան իր հերթին նշել է, որ 2011թ. մայիսի 1-ին Չիլիում նշվել է կենսաթոշակային բարեփոխումների 30-ամյակը` խորհրդանշական համարելով այդ իրադարձությունն աշխատավորի օրը տոնելը: Ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումն ազդում է մյուս բոլոր բարեփոխումների վրա` Խոսե Պինիերան մանրամասներ է ներկայացրել 30 տարի առաջ Չիլիում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների, դրանց իրականացման ընթացքի եւ կուտակային համակարգին անցման առանձնահատկությունների վերաբերյալ: Որպես իր երկրում իրականացված կենսաթոշակային ռեֆորմի արդյունքներ` նա առանձնացրել է 30 տարվա կտրվածքով Չիլիի քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգության ապահովումը, համարժեք եկամտաբերության բարձր մակարդակը, ինչպես նաեւ Չիլիի կապիտալի շուկայի ընդլայնումը եւ տնտեսական աճի տեմպերի կրկնապատկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցները Չիլիից ժամանած հյուրին հարցեր են ուղղել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կուտակված գումարների երաշխիքների եւ ապահովության, ինչպես նաեւ հանրային իրազեկման եւ քաղաքացիների կրթության վերաբերյալ: Ի դեպ, հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարը` իր տեղակալի հետ:

Նշենք, որ Հայաստանում արդեն տրվել է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը: 2011թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին կամավորության սկզբունքով կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի: 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիրության սկզբունքով գործող կուտակային կենսաթոշակային համակարգը, որի մեջ կընդգրկվեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Խոսե Պինիերան անհատական կապիտալիզացման վրա հիմնված Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիրն է: Նա զբաղեցրել է Չիլիի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի, այնուհետեւ հանքափորության նախարարի պաշտոնները: Պինիերան ունի Կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոն եւ աշխարհում հայտնի է որպես Չիլիի անհատական կենսաթոշակային հաջողակ համակարգի ստեղծող: