Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բելլա եւ Սեդրակ Քոչարյանններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործով դատական նիստը տեւել է մի քանի րոպե: Դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնել է, որ նիստին ներկա չէ պատասխանող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը, եւ հետաձգել է նիստը` հայտարարելով, որ գործով որոշումը հրապարակվելու է հունիսի 6-ին:
Նիկոլայ Բաղդասարյանը դահլիճ է հասել րոպեներ անց եւ դատավորին տեղեկացրել, որ վերջինս նիստը սկսել է նախատեսված ժամկետից շուտ: Փաստաբանը նաեւ բարձրաձայնել է, որ չափազանց կարեւոր միջնորդություն ունի, որն էական նշանակություն ունի դատաքննության համար, սակայն Արայիկ Մելքումյանն անդրդվելի է մնացել։
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն–ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։
Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված այս հոդվածների վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:
Թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը հայցը անկախ լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելու փորձ է գնահատում:
Գործով որոշումը պետք է կայացվեր մայիսի 5-ի նիստում, սակայն դատավորն անսպասելիորեն վերսկսել էր դատաքննությունը:




























