Միացյալ Նահանգների Միջին արեւմուտքում մայիսի 22-ին մոլեգնել են ավերիչ տորնադոները: Վերջին տվյալներով, տարերքը խլել է 89 մարդու կյանք եւ ահռելի նյութական վնաս է հասցրել:
Տարերքից ամենաշատը տուժել են Մինեսոտա եւ Միսսուրի նահանգները, միայն Ջոփլին քաղաքում 200-ից ավելի շինություն է վթարվել: Քաղաքում չեն գործում հիվանդանոցն ու դպրոցները: Բազմաթիվ բնակավայրերում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, խմելու ջրի պակաս կա:
Առայժմ հայտնի չէ տուժածների հստակ քանակությունը: Այժմ ընթանում է փլատակների մաքրումը, եւ չի բացառվում, որ հարյուրավոր տուժածների գտնեն: Միսսուրի նահանգում նահանգապետը ստիպված է եղել արտակարգ դրություն մտցնել, սակայն փրկարարական աշխատանքները բարդանում են ճանապարհներին ընկած ծառերի պատճառով:
Փոթորիկների մասին տեղեկություններ են ստացվել նաեւ այլ նահանգներից: Տարերքի հարվածի են սպասում Տեխասից Միչիգան:




























