Հայաստանում ավելի շուտ Օdnoklassniki- յան հեղափոխություն կլինի, քան Facebook-յան, քանի որ Հայաստանում Օdnoklassniki սոցիալական ցանցի օգտագործողներն ավելի շատ են, քան Facebook-ինը: NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիա-փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նրա խոսքով` Հայաստանից Օdnoklassniki կայքն օգտագործողները շուրջ 800 հազար են, թեեւ որոշ պրոֆիլներ կրկնվում են, իսկ Facebook-ի օգտագործողներն` ավելի քան 150 հազար:

«Այնպես որ, Հայաստանում Facebook-յան հեղափոխություն հնարավոր չէ, եթե լինի, պետք է Օdnoklassniki -յան հեղափոխություն լինի, իսկ Odnoklassniki-ի օգտագործողները դրանք այն մարդիկ չեն, որ գնան ինչ-որ  հեղափոխություններ կատարելու»,-ասաց Մ. Հարությունյանը:

Սակայն ամեն դեպքում, փորձագետի կարծիքով,  սոցիալական ցանցերը ինչ-որ ազդեցություն թողնում են:

«Պատկերացրեք սոցիալական ցանցերում տարբեր խմբեր, որոնց միանում են մի քանի հազար մարդ, դա արդեն ուժ է, եւ իշխանությունների համար ուղղակի այդ հասարակական կարծիքը հաշվի չառնելն արդեն դժվար է դառնում»,-ասաց Մ. Հարությունյանը` նշելով, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպես`  «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» եւ այլն, այս կամ այն կերպ ազդում են քաղաքականության վրա:

Մ. Հարությունյանի գնահատմամբ` վերջին մեկ տարում հատկապես սոցիալական ցանցերի շնորհիվ` Հայաստանում մի շարք բռնություններ` դպրոցում, բանակում կանխվել են, իսկ մեղավորները` կրել իրենց արժանի պատիժը:

«Ճիշտ է սոցիալական ցանցերը գուցե դեռեւս փոքր, սակայն ունեն իրենց ազդեցությունը, եւ գնալով փորձում են հավասարվել նրան, ինչ խորհրդային ժամանակներում թերթի ուժին էր հատուկ. թերթը գրել է` ուրեմն վերջ, դա հետեւանք պիտի ունենար»,-ամփոփեց փորձագետը: