ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը COVID-19-ի ախտորոշումից հետո բուժման նպատակով տեղափոխվել է ռազմական հիվանդանոց, հաղորդում է Reuters-ը:
Կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարությունից մոտ 17 ժամ անց Թրամփը դանդաղ դուրս է եկել Սպիտակ տնից դեպի սպասող ուղղաթիռը, որով նա մեկնել է Մերիլենդ նահանգի Բետեսդա քաղաքի Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոն: Նա դիմակով եւ գործնական կոստյումով էր եւ չէր շփվում լրագրողների հետ:
«Կարծում եմ` ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց մենք պատրաստվում ենք համոզվել, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է ԱՄՆ նախագահն իր Twitter-ում տեղադրված տեսանյութում:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին, Թրամփը որպես կանխարգելիչ միջոց մի քանի օր կաշխատի հատուկ հիվանդասենյակում:
74-ամյա Դոնալդ Թրամփը, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի, ոչ ուժեղ տենդ ունի: Սպիտակ տան բժիշկ Շոն Քոնլին հայտարարել էր, որ նախագահին բուժում են «էքսպերեմենտալ դեղային կոկտեյլով» եւ «նա հոգնած է, բայց` լավ տրամադրությամբ»:











