Այսօր ընդունված ընտրական օրենսգիրքը չունի լիգիտիմություն, այն չի ընդունվում հասարակության կողմից, չի ընդունվում իրական ընդդիմության կողմից եւ նրան մաս կազմող «Ժառանգության» կողմից: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօր` մայիսի 24-ին երրորդ ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքին:

«Այս ընտրական օրենսգիրքն ընդունվել է բացառապես իշխանությունների կողմից եւ համապատասխանացվել իրենց ցանկություններին եւ «կազմվածքին»: Քաղաքական գործընթացներում ընտրական օրենսգրքի պատճառով ծագած բոլոր անցանկալի հետեւանքների պատասխանատուն բացառապես իշխանություններն են, եւ ոչ ոք հետագայում թող չփնտրի այլ մեղավորներ: Բայց «Ժառանգությունը» չի «լվանում» իր ձեռքերը, այլ ասում է ձեզ, որ մեզ թողնում եք միայն պայքարի ուղին, եւ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,-նշեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա` իշխանություններն այդպես էլ չունեցան քաղաքական այն բարի կամքը, որի առկայության պայմաններում կընդունվեին ընդդիմության առաջարկները: «Ժառանգության» կողմից որեւէ սկզբունքային առաջարկ, որն առավել թափանցիկ եւ արդար կդարձներ ընտրությունները, պատգամավորի խոսքով, տեղ չգտան այս նախագծում` այն դարձնելով բարեփոխման իմիտացիա: «Նախորդ ընտրություններում առկա հիմնական խախտումները պահպանել են իրենց կրկնվելու հնարավորությունները»,-նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` հասարակությանը հուզող ընտրակեղծիքների մեխանիզմների մեջ մտահոգիչը հատկապես քվեարկության օրվա հետ կապված գործընթացներն են, որոնք նորից լինելու են վերահսկողությունից հնարավորինս հեռու, ինչը նորից բերելու է ընտրությունների արդյունքների հետ կապված նոր հիասթափություններ: Դա էլ իր հերթին բերելու է արտագաղթի: