Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանակից տարածքում գտնվող 2 լեզգիական գյուղերի բնակիչները երեկ ցույց են արել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում: Այդ մասին տեղեկացնում է Vesti.Az-ը: Այդ գյուղերը`Խրախօբա եւ Ուրյանօբա, գտնվում են Ադրբեջանի տարածքում, սակայն նրանց լեզգի բնակիչները Ռուսաստանի քաղաքացիներ են:
Լեզգիների միտինգը Մախաչկալայում աջակցություն է գտել Դաղստանի կրոնական եւ հասարակական բազմաթիվ գործիչների շրջանում, ինչն էլ առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունը: Ըստ ադրբեջանցի գործիչների` Ռուսաստանում որոշ ուժեր կոնֆլիկտ են հրահրում:
Լեզգիները պնդում են, որ ադրբեջանական իշխանությունները սպառնում են իրենց դեպորտացիայով, ստիպում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Հաճախակիացել են այդ գյուղերի բնակիչների ձերբակալությունները, իրականացվում է հոգեբանական ճնշում:
Խրախոբա գյուղում ներկայումս ապրում է մոտ 300 մարդ` բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են:Նշենք, որ ԽՍՀՄ նախարարների խորհուրդը 1954 թ. այդ գյուղերի տարածքները որպես արոտավայր ժամանակավորապես տրամադրել է Դաղստանին: 1984 թ. Ադրբեջանի նախարարների խորհուրդը 20 տարով երկարաձգել է պայմանագիրը` մինչեւ 2004 թ.: Սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նորը չի կնքվել, թեեւ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է այդ տարածքները որպես Ադրբեջանի սեփականություն:
Սակայն այդ գյուղերի բնակիչները չեն ցանկանում ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը, եւ պնդում են, որ դրանք Ռուսաստանի տարածք են: Նրանք հրաժարվում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն:
Կոնֆլիկտից խուսափեու համար Ադրբեջանի իշխանությունները լեզգիներին 40 հազարական դոլար են առաջարկել` վերաբնակեցման պայմանով, սակայն ստացել են մերժում: Լեզգիները չեն բացառում վերաբնակեցման հնարավորությունը, եթե փոխհատուցումն ավելի մեծ լինի, ու իրենց առաջարկվեն կոմպակտ տարածքներ Դաղստանում:




























