Եմենի ամենամեծաթիվ կլանի` Հաշիդի գրոհայինները երկրի մայրաքաղաքում գրոհել են մի շարք կառավարական շենքեր եւ իրենց վերահսկողության տակ վերցրել Սանայի կարեւոր շրջանները:
Կլանի գրոհայինները բաց հակամարտության մեջ են մտել նախագահ Սալեհին պաշտպանող զինվորականների ու ոստիկանների հետ, հաղորդում է NEWSru IsraeL-ը` վկայակոչելով եմենյան աղբյուրները: Նախագահ Սալեհն ինքը Հաշիդ կլանին է պատկանում, բայց կլանի ղեկավար շեյխ Սադիք ալ-Ահմարը ավելի վաղ հայտարարել էր, որանցնում է ընդդիմության կողմը եւ պահանջում երկրի նախագահի հրաժարականը:
Մայիսի 24-ի առավոտյան վա տվյալներով, Սանայում բախումների արդյունքում սպանվել է առնվազն 7 մարդ, եւս 42-ը վիրավորվել է:
Արդեն ապստամբների ձեռքին են գտնվում արդյունաբերության նախարարության եւ պետական տեղեկատվական գործակալցության շենքերը: Ակտիվ մարտեր են գնում ՆԳՆ շենքի մոտ: Մայրաքաղաքին են մոտենում շեյխ ալ-Ահմարի հարյուրավոր կողմնակիցներ, հաղորդում է RBC-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մայիսի 23-ին Եմենի նախագահի պաշտոնը 33 տարի զբաղեցնող Սալեհը երրորդ անգամ հրաժարվել է ստորագրել իշխանությունը հանձնելու փաստաթուղթը: Դրանից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը հայտարարել է, որ դադարեցնում է իր միջնորդական գործունեությունը Եմենի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում:




























