Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Այս մասին հայտնում է Արայիկ Հարութունյանը։

«Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։

Երեքն էլ զինվորներ են։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։

Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասաց Արցախի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն էր արժանացրել նաև «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին: Նախագահը նման որոշում էր կայացրել՝ հաշվի առնելով անձամբ Կարեն Ջալավյանի և  իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը։