Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը:
«Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»,-հավելել է նա:
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել էր, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը՝ ավելորդ զոհերից խուսափելու եւ ավելի մեծ վնասներ թշնամու զորքերին հասցնելու նպատակով. «Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, եւ հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,-գրել էր նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։





























