Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՌՏ-ն: 

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, համոզմունք հայտնեց, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհային է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով Բաքու տեղափոխվել: Նրա խոսքով` այդ մարդիկ նույնականացվել են. նրանք պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբին:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները սիրիական ընդդիմությունում հայտնում էին, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել է 93 վարձկան Սիրիայից, նրանցից 53-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա:  Մեկ այլ աղբյուր սիրիական ընդդիմությունում հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում 322 «լավ զինված» սիրիացի վարձկան կա: