Մենք հետեւում ենք իրադարձություններին Բրյուսելում, ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր մեկնաբանությունները. մենք նաեւ ուղիղ կապի մեջ ենք Հայաստանի ԱԳՆ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անրեա Վիկտորինը:

«Մենք շատ հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որեւէ դեպքում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն արձագանքում նման կոչերին եւ չեն դադարեցնում ռմբակոծությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության վրա, ԵՄ դեսպանը խուսափոխական պատասխան տվեց՝ ասելով. «Պետք է իրենց հարցնեք, ոչ թե ինձ»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը, նա ասաց. «Սա մի որոշում է, որ ԵՄ 27 պետությունները պետք է միասին կայացնեն, ես հիմա չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել»: