Ադրբեջանն իր կողմից ծավալված ռազմական գործողություններում որեւէ ռազմական հաջողության չի հասել: Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, դիմեց ադրբեջանցիներին.

«Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեզ ամենալկտի ձեւով ստում են: Ադրբեջանը որեւէ ռազմական հաջողության չի հասել: Մեզ մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղացը, որպեսզի Ալիեւը կամ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիեւը փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»:

Դիմելով սփյուռքին՝ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց եւ խնդրեց շարունակել գործը աշխարհի շատ երկրներում, ստիպել համաշխարհային հանրությանը, որ կանգնեցնեն Թուրքիայի եւ իր խամաճիկ Ադրբեջանի գործողությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ Արցախի խաղաղ բնակավայրերը: