Ճապոնիան մտադիր չէ թվային արժույթ թողարկել, սակայն ուսումնասիրում է դրա հնարավորությունը: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է Reuters-ը:

Աշխարհի խոշոր կենտրոնական բանկերն ուսումնասիրում են թվային արժույթների թողարկման գաղափարը բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների տարածման ֆոնին:

«Մենք ներկայումս կրիպտոարժույթի թողարկման հատուկ ծրագրեր չունենք: Սական դա մի բան է, ինչը մենք ակնհայտորեն պետք է հաշվի առնենք թվայնացման աշխարհում»,- ասել է նա:

Ճապոնիան զգուշորեն է մոտենում թվային արժույթներին չափազանց արագ անցմանը` հաշվի առնելով սոցիալական ցնցումները, որոնք կարող են տեղի ունենալ երկրում: Սակայն Չինաստանի կայուն առաջընթացը թվային արժույթի թողարկման գործում կառավարությանը դրդել է վերանայել եւ խոստանալ ավելի ուշադիր ուսումնասիրել այդ գաղափարը: Ճապոնիայի բանկի ջանքերը նոր թիմի ստեղծում են ներառում, որը մասնագիտացած կլինի թվային արժույթների թողարկման եւ այլ կենտրոնական բանկերի հետ համատեղ հետազոտությունների անցկացման գործում: «Ֆինանսների նախարարությունը եւ համապատասխան այլ նախարարություններն ավելի մանրամասն կքննարկեն այդպիսի թվային արժույթների թողարկման անհրաժեշտությունը եւ դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա»,- ասել է Կատոն:

Նոր վարչապետ Յոշիհիդե Սուգան թվայնացումը եւ վարչական բարեփոխումներն իր քաղաքակության առաջնահերթություններից է համարում: