ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում չի ծրագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, այս պահին նախատեսվում է աշխատանք հենց արտաքին գործերի նախարարների մակարդակով»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ՌԴ նախագահի հետ:

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին:

Նա նաեւ նշել է, որ ՌԴ նախագահն այսօր «Բաքվից եւ Երեւանից իր գործընկերների հետ շատ մեծ եւ լարված աշխատանք է տարել»: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ աշխատանքի արդյունքներով հայտարարություն է արվել, որում նա կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում, փոխանակվել գերիներով եւ դուրս բերել զոհվածների մարմինները: Պուտինը նաեւ խորհրդակցությունների համար Մոսկվա է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

«Երկու կողմերն էլ արձագանքել են, արտաքին գործերի նախարարները Մոսկվայում են, եւ այսօր աշխատանքը կսկսեն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալում ենք, որ այդ հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին»,-ասել է Պեսկովը: