Հայաստանում չեն կարող կայանալ նույնիսկ կայացած մարդիկ, եւ այդ պարագայում խոսել նոր առաջնորդների ձեւավորման մասին անտեղի է: Այդ մասին այսօր` մայիսի 25-ին «Քաղաքական նոր լիդերների ձավորման խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում»  թեմայով քննարկման ժամանակ ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, նշելով, որ երկրում ուզուրպացրել են քաղաքական դաշտն ու տնտեսությունը:

«Հայաստանում պետք է խելք ունենալ, առկա ռեժիմին հարմարվելու եւ ընտելանալու համար, որպեսզի ձեւավորվես որպես լիդեր: Սակայն, հարմարվելով ու ընտելանալով իշխանությանը, լիդերը կորցնում է իր հատկանիշները, եւ նա այլեւս լիդեր չէ: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա նույնիսկ Գերեգին Նժդեհն է մոնոպոլիզացված: Հայաստանի քաղաքական դաշտը մոնոպոլիզացված է նախագահ Սերժ Սարգսյանի եւ ողջ իշխող բուրգի կողմից»,- նշել է Կարապետյանը:

Մենկաբանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքերը, թե ՀՀԿ-ն երիտասարդ առաջնորդների դարբնոց է, Կարապետյանը նշել է. «Այո, դուք լավ դարբնոց ունեք, որտեղ տեղ չունի քաղաքական այլախոհությունը եւ չի պատրաստում կայացած լիդերներ, փոխարենը պատրաստում է կուսակցության քաղաքական կամքի կատարողներ: Եթե մարդը հնազանդ է` նշանակում է նրա կարիերայում կլինի առաջընթաց»,- նշել է Ժողովրդական կուսակցության առաջնորդը:

Ինչ վերաբերում է նրան, թե սիրո՞ւմ է ժողովուրդն իր առաջնորդներին, Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդը նրանց չի սիրում. «Ցույց տվեք ինձ այն առաջնորդին, ում սիրում է ժողովուրդը, ես ի նկատի ունեմ գերատեսչությունների ղեկավարներին: Օրինակի համար, սիրում է ժողովուրդը Հայաստանի խորհրդարանի խոսնակին, գնացեք Արտաշատ եւ հարցրեք: Ցույց տվեք ինձ այն մարդուն, ով սիրում է վարչապետին, չկա այդպիսի մարդ»,- համոզմունք է հայտնել Կարապետյանը, հավելելով, որ իշխանությունները նաեւ խոչընդոտում են նոր առաջնորդների ի հայտ գալուն սեւ PR-ով:

Կարապետյանի խոսքով` ներկայիս առաջնորդները չեն գնա զոհողությունների հանուն ժողովրդի: «Ո՞վ կտա իր կյանքը ժողովրդի համար: Տիգրան Սարգսյա՞նը, Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ մարդիկ պետք է հիանան իրենց առաջնորդներով: Կարեն Դեմիրճյանից հետո մեր ժողովուրդը որեւէ առաջնորդով չի հիանում»,- եզրափակեց Կարապետյանը: