Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւը առաջնորդների ձեւավորման դարբնոց է: Այդ մասին այսօր` մայիսի 25-ին «Քաղաքական նոր լիդերների ձեւավորման խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, հավելելով, որ ՀՀԿ-ն միշտ աջակցում է առաջնորդի ներուժ ունեցող երիտասարդներին:
Նրա խոսքով` ՀՀԿ-ի ձեւավորման օրվանից առ այսօր կուսակցությունն ունի արդեն 4-րդ առաջնորդը` ի դեմս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Ւնչ վերաբերում է երիտասարդության ներգրավվածությանը երկրի քաղաքական կյանքում, ապա, Ավագյանի խոսքով, երկրի խորհրդարանում ներկայացված հանրապետականների մի մասը երիտասարդներ են. «Կուսակցությունը վստահում է իրենց եւ ներգրավում քաղաքական գործընթացներում: Հայաստանում երիտասարդությունը չունի խնդիր իր լիդերությունը ձեւավորելու ճանապարհին, եւ դրա օրինակը ՀՀԿ-ն է, որն աջակցում է երիտասարդներին»:
Ավագյանը նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված չէ հանպատրաստից նոր կուսակցություն հիմնելն այնպես, ինչպես դա կատարվում է Հայաստանում, որտեղ գրանցված է ավելին քան 70 կուսակցություն:
Գրեթե նմանատիպ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ով իր խոսքում միայն «ՀՀԿ» հապավումը փոխարինեց «ԲՀԿ»-ի:
«Մեր կուսակցության քաղխորհրդի 30 տոկոսը երիտասարդներ են, եւ դա բավականին մեծ ցուցանիշ է»,- նշել է Էնֆիաջյանը, հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցում է նաեւ երիտասարդ գիտնականներին` անկախ այն հանգամանքից նրանք ԲՀԿ անդա՞մ են, թե` ոչ:




























