Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղու ասֆալտապատման աշխատանքները եւ անվտանգության ապահովման այլ աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2-3 ամսից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` խոսելով օդանավակայանի բացման հետաձգման թեմայի շուրջ:
ԼՂՀ վարչապետը նշել է, որ օդանավակայանի բացման մասին մի քանի անգամ հայտարարվել է, սակայն շինարարությունն այդ ժամկետներում չի ավարտվել քանի որ իրենք առաջին անգամ են օդանավակայան կառուցում: «Սկզբնական փուլում մեզ մասնագետները ասել են, որ այդ թռիչքուղին, ասֆալտը կարծես թե համապատասխանում է, բայց հետո որ արդեն մասնագետները եկել են եւ ուսումնասիրել` պարզվել է, որ այդ վազքուղու լայնությունը չի բավարարում` պետք է լայնացնել»:
«Մենք չենք ուզում այսօր ժամկետներ նշել, բայց որքան հնարավոր է արագ տեմպերով կաշխատենք: Հավանական է, որ սեպտեմբերին վազքուղին պատրաստ կլինի, նաեւ մասնագետների ենք հրավիրել` ավելի արդեն բարձրակարգ, որոնք կհուշեն բոլոր անհրաժեշտ անելիքները»,- ասել է ԼՂՀ վարչապետը:
«Մեր նախագահը հստակ որոշում է կայացրել, հանձնարարական է տրվել, որ օդանավակայանը աշխատի միայն այն դեպքում, երբ ապահովվեն անվտանգության բոլոր պայմանները: Թող մի ամիս էլ ուշանանք, բայց պետք է ապահովենք անվտանգության անհրաժեշտ բոլոր պայմանները: Հույս ունենք, որ սեպտեմբերին երեւի ավարտման փուլը կլինի»,-հայտարարել է Հարությունյանը:
Նշենք, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում օդանավակայանի բացման նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կխոսվի նաեւ տոմսերի գների, անվտանգության եւ այլ հարցերի մասին:




























