Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատրաստ է քննարկել գյումրեցիների բողոքը` կապված Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի վերադարձնելու հետ: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ մայիսի 25-ին հայտարարել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Անցյալ շաբաթ ես անձամբ այցելել եմ Գյումրի եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել գյումրեցիների հետ` կապված որմնանկարները վերադարձնելու հետ»,- ասել է Պողոսյանը` հավելելով, որ պետական բյուջեն ի վիճակի չէ վերականգնել Մինասի բոլոր որմնանկարները եւ Կառավարությունը պատրաստ է պատասխանել որմնանկարների վերականգնման հետ կապված բոլոր առաջարկներին` առանց փոխելու որմնանկարների սեփականությունը:
Պողոսյանի խոսքով` Շիրակի մարզում այսօր շարունակում է մնալ 14 որմնանկար, որոնք վերականգնման կարիք ունեն եւ նշեց, որ նախարարը պատրաստ է համագործակցել դրանց վերականգնման հետ կապված բոլոր առաջարկների շուրջ: Նախարարը նաեւ հայտնել է, որ «Գյումրի» գարեջրի գործարանի տնօրինությունն առաջարկել է վերականգնել Մինասի որմնանկարներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ «Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ «Երկանք»-ը տեղափոխվում է «Զվարթնոց»-ի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։ Որմնանկարների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է «Զվարթնոց» օդանավականը։ Որմնանկարները շարունակելու են մնալ պետական սեփականություն:




























