YouTube-ը հեռացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն տարածող տեսանյութերը՝ ընդլայնելով համավարակի վերաբերյալ ստի եւ դավադրության տեսությունների դեմ գործող կանոնները:

Տեսահարթակը հայտարարել է, որ այժմ կարգելի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին ցանկացած բովանդակություն, որը հակասում է առողջապահական տեղական մարմինների կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետներին:

Դրանք ներառում են պնդումներ, որ պատվաստանյութը կսպանի մարդկանց կամ անպտղություն կառաջացնի, կամ որ միկրոչիպերը կտեղադրվեն մարդկանց մեջ:

YouTube-ի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ պատվաստանյութի շուրջ «ընդհանուր մտավախությունների» մասին տեսաքննարկումները կմնան հարթակում:

YouTube-ը հայտարարում է, որ արդեն հեռացնում է այն բովանդակությունը, որը վիճարկում է COVID-19-ի գոյությունը, առաջ է քաշում բժշկական տեսանկյունից բուժման անհիմն մեթոդներ, մարդկանց համոզում է բժշկական օգնության չդիմել կամ բացահայտորեն վիճարկում է առողջապահական մարմինների խորհուրդները՝ ինքնամեկուսացման կամ սոցիալական հեռավորության վերաբերյալ:

Փետրվարի սկզբից COVID-19-ի մասին վտանգավոր կամ ապակողմնորոշիչ տեղեկատվությանը վերաբերող ավելի քան 200 000 տեսանյութ է հեռացվել: