Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկուստեք հաստատվել է հումանիտար զինադադարի պահպանման կարեւորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում: Պուտինը եւ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:
Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ: Նրանք ընդգծել են արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցնելու եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում սկսելու համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում:




























