Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, հփոխանցում է Reuters-ը:

«Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա:  «Այսօր մենք տեսնում ենք, որ միակ երկիրը, որը հրադադարի ռեժիմի պահպանման կոչ չի անում, Թուրքիան է, եւ դա կործանարար է», - ասել է նա գերմանացի եւ լեհ գործընկերների հետ մամուլի ասուլիսին:

«Մեզ համար պարզ է, որ Թուրքիան անընդհատ սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են»,- հայտարարել է նա:
Ըստ նրա` գնդակը Անկարայի դաշտում է, բայց որ Եվրամիությունը պատրաստ է փոխել ուժերի հարաբերակցությունը, եթե Թուրքիան երկխոսության չվերադառնա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծով  նավ ուղարկելու Թուրքիայի որոշումն «անընդունելի է»: Հարցին` արդյոք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի, նա ասել է, որ ԵՄ-ն կսպասի եւս մեկ շաբաթ եւ ապա որոշում կկայացնի, թե ինչպես պատասխանել:

«Սպասվող քննարկումները երկու անգամ չկայացան, եւ մենք չգիտենք, թե դրանք երբ տեղի կունենան,- ասաց նա:- Մենք պետք է սպասենք եւ տեսնենք` արդյոք առաջընթաց կլինի մեկ շաբաթ անց, իսկ հետո կորոշենք, թե ԵՄ-ն ինչ դիրքորոշում պետք է ստանձնի»: