Հայաստանի կողմից Արցախի անկախությունը չճանաչելը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ի պատասխան հարցին՝ ինչպիսի՞ պայմաններում է հնարավոր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, նա նշել է. «Սա ե՛ւ պարզ, ե՛ւ միաժամանակ բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուդը հանրաքվեում հայտարարեց իր ազատ ապրելու եւ իր կյանքը, իր պատմությունը, իր ժառանգությունն ու մշակույթը կառավարելու ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա օգտին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման)։ Բայց հետո գործընթացը կասեցվեց։ Տրամաբանությունը պարզ էր։ 1994 թվականին ստորագրեցին զինադադար, եւ սկսվեց մինսկյան գործընթացը։ Հայկական կողմը հայտարարեց․ «Գործընթացը չբարդացնելու համար, մենք կասեցնում ենք Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, կխոսենք եւ վերջնարդյունքում համաձայնության կգանք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ»։ Այսինքն՝ Հայաստանի կողմից անկախության չճանաչումը կապված է միայն այն հանգամանքի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Ահա այսպիսի թունել։ Եվ եթե այդ թունելի վերջում լույս կա՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական խաղաղ լուծման լույս, ապա այդ դեպքում կարելի է էլի սպասել։ Իսկ եթե լույս չկա, այսինքն՝ եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնալու բանակցային ճանապարհով, այդ դեպքում Հայաստանը, բնականաբար, կճանաչի Ղարաբաղի անկախությունը»։

Նրա խոսքով՝ նա արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հրադադարի գործընթացը մեկնարկի: «Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում, կարող են սկսել գործել, եթե երկու կողմերը ցանկանան դա: Պետք չէ ապացուցել, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով: Իսկ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ պատրաստ է հրադադար հաստատել եւ բանակցություններ վարել, այդ ժամանակ հույս կլինի: Ես շատ կցանկանայի, որ թունելի վերջում լույսը չմարեր: Հակառակ դեպքում՝ Աստված օգնական բոլորին, քանի որ այդ ժամանակ պատերազմը կարող է վերաճել բոլորովին այլ պատերազմի, գրեթե այնպիսի, ինչպիսին է Սիրիայում: Դա կլինի արդեն շատ ավելի ողբերգական եւ մասշտաբային պատերամզ»,-ասել է նա: