Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է «Ժողովրդական ժողովի» առաջնորդ Նինո Բուրջանաձեի եւ նրա որդու` Անզոր Բիցաձեի հեռախոսազրույցը, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Զրույցում Բուրջանաձեն եւ իր որդին խոսում են պետական հեղաշրջման ծրագրերի մասին: Անզոր Բիցաձեն ասել է, թե Վրաստանում իրադարձությունները պետք է զարգանան եգիպտական սցենարով: Խոսք է գնացել հնարավոր զոհերի մասին, նշվել է 100-ից 500 թիվը:

Մայր ու որդի խոսել են նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարի մասին:

Ներկայացնենք մի կտոր զրույցից մասնակի կրճատումներով.

Ա.Բ. «... Եթե պատասխանատվություն ես վերցնում, կարելի է գնալ քաղաքացիական պատերազմի, 100, 500 մարդու մահվան... Բոլոր ազգերը, որ ինչ-որ բանի հասել են, նրանց հողում արյուն է թափվել»:

Ն.Բ. «Արյուն այստեղ էլ քիչ չէ»:

Ա.Բ. «Որքա՞ն մարդ է մեզ աջակցում»:

Ն.Բ. «Մեզ ո՞ւմ»:

Ա.Բ. «Հեղափոխականներին»:

Ն.Բ. «35 դժգոհներ, 15 ուղիղ կողմնակիցներ»:

Ա.Բ. «... Եգիպտակա տարբերակ կլինի, պետք է ժամանակավոր կառավարություն, ուրեմն մեր ինչի՞ն է պետք այդ ժողովը... Պարետային ժամ եւ արտակարգ դրություն... Բայց Եգիպտոսում երեք ամսում ամեն ինչ հանգստացրին, եւ զբոսաշրջիկներն եկան, բայց այնտեղ բանակն ուժեղ էր, իսկ մերը կարող է մեր կողքին կանգնել, բայց ինչու, նրանք վախկոտներ են...»

Ն.Բ. «Իսկապե՞ս»:

Ա.Բ. «Բանակին մոռացիր»:

Ն.Բ. «Ուրեմն, ոստիկանությունը մեզ չի հաղթահարի»: