Վաղը՝ մայիսի 27-ին, կկայանա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կներկայացվեն բեռնափոխադրող 4 ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշման նախագիծը: Ի դեպ` սա առաջին դեպքն է լինելու, երբ կիրարկվելու է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը:
Հիշեցնենք, որ օրենքում կատարված փոփոխություններով` գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսված տուգանքների շեմը կտրուկ բարձրացվել է, բացի այդ` Հանձնաժողովն իրավունք է ստացել մանեւրելու ու տարբերակված մոտեցում ցուցաբերելու:
Մրցակցության մասին օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովն ապրիլի 6-ին վարչական վարույթ էր հարուցել բեռնափոխադրողների շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»:
Տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը: Բացի այդ` նրանք իրականացրել են ոչ օրինական մաքսազերծում` ոչ թե ըստ մաքսային արժեքի, այլ ըստ քաշի:
Առեւտրականները մի անի բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջեւ` ընդդեմ մաքսազերծման արժեքի բարձրացման:
NEWS.am-ի տեղեկություններով` Թուրքիայից եւ Չինաստանից բեռնափոխադրումների շուկայում բացահայտ գերիշխող դիրք ունի «Չորս ընկերը»: Այլ բեռնափոխադրողներից ստացված տեղեկությունների համաձայն` այս ընկերությունն է թելադրում մաքսազերծման գինը:
Գերիշխող կարծիքի համաձայն` «Չորս ընկերի» հովանավորը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է:


























