Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2010թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ի դեպ, դա խորհրդարանի գարնանային նստաշրջանի վերջին որոշումն էր, եւ դրանից հետո նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին Հայաստանի հիմնի կատարմամբ:
Նշենք, որ ներկայացնելով փաստաթուղթը ԱԺ-ում, Հայաստանի վարչաետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե 2010 թվականը կարելի է բնութագրել աստիճանական տնտեսական վերականգնման տարի: Նա նկատել է, որ 2010-ին կառավարությունն աշխատել է միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու տրամաբանությամբ, ինչի արդյունքն է եղել 2,1 տոկոս աճը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվետու տարում կառավարությունը շեշտը դրել է ենթակառուցվածքների զարգացման եւ բիզնես-միջավայրի բարելավման վրա:
Խոսելով 2010թ. ցուցանիշների մասին` վարչապետը նշել է, թե բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2009թ.:




























