Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում մայիսի 27-ին ժամը 16-ին նշանակված է Գառնիկ Մելիքյանի բողոքն ընդդեմ ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դատական նիստի քննությունը:

2010 թ. հոկտեմբերին Մեդովկա գյուղի բնակիչ Գառնիկ Մելիքյանը ոստիկանության Տաշիրի բաժանմունքի աշխատակցի կողմից ենթարկվել է ծեծի:

Հանցագործության վերաբերյալ հայտարարություն է տրվել ոստիկանությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների արարքում  հանցակազմի բացակայության պատճառով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Գառնիկ Մելիքյանի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը՝ այն համարելով անհիմն:

Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ Երեւանի եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան  ՀՀ ՀՔԾ քննիչ Գ. Հովակիմյանի 25.12.2010 թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջով: Դատարանը հայցը մերժել է:

2011 թ. մարտի 25-ին Է.Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Գառնիկ Մելիքյանի գործով շահերի պատպանությունը իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ: