Բոլոր սուբյեկտները, այդ թվում` արտաքին կողմերը, պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող են ռազմական գործողությունների շարունակման եւ հետագա զոհերի հանգեցնեն: Դա վտանգավոր, սադրիչ եւ այլատյաց հռետորաբանության դադարեցում է ներառում: Այս մասին Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Կողմերը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դրա շուրջ: Բորելը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է կոչ անել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խստորեն հետեւել համաձայնեցված հրադադարի ռեժիմին: Քաղաքացիական անձանց դեմ ուղղված կամ խաղաղ բնակչությանը հետագա տառապանքներ պատճառող ցանկացած գործողություն պետք է անհապաղ դադարեցվի: ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է նաեւ, որ կողմերը պարտավոր են ամբողջությամբ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Նա կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` առանց նախապայմանների եւ առանց հապաղելու:

«Բոլոր սուբյեկտները, այդ թվում` արտաքին կողմերը, պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է ռազմական գործողությունների շարունակման եւ հետագա զոհերի հանգեցնել: Դա նաեւ վտանգավոր, սադրիչ եւ այլատյաց հռետորաբանության դադարեցում է ներառում»,- նշել է նա:

Բորելը վերահաստատել է ԵՄ աջակցությունը համանախագահների շարունակական ջանքերին` բարձր մակարդակում ակտիվ շփումների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով: