Գավառում այսօր` մայիսի 26-ին տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես Գավառից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ժամը 13:40-ին որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել 18-ամյա Անդրանիկ Մաղաքյանը եւ աջ վերքունքային շրջանի աջ հետին գագաթային շրջանի սալջարդով 18-ամյա Վանիկ Վարդանյանը:

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը` Գավառի ոստիկանության պետ Լեւոն Մուխսիկարոյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ժամը 13-ի սահմաններում Գավառ քաղաքի Թթուջուր կոչվող տարածքում 21-ամյա Հրանտ Դավոյանն իր մի քանի ընկերների հետ վիճաբանության մեջ է մտել Ջանիկ Վարդանյանի մորաքրոջ որդու` 17-ամյա Վահագն Հովհաննիսյանի հետ: Վիճաբանության ժամանակ նրանք սուր կտրող-ծակող առարկայով հարվածել են Անդրանիկ Մաղաքյանի որովայնին, իսկ կոշտ առարկայով` Վանիկ Վարդանյանի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Գավառի բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ Դավոյանին հայտնաբերելու եւ նրա հետ վեճի մասնակցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Գավառի բաժնում նախաքննություն է սկսվել:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի