Երեւանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելուն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն ընդգծել է համակարգի արդիականացման, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հարցում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը. «Մեր նպատակը ոչ թե սեփականաշնորհումն է, այլ համապատասխան ներդրումներով եւ աշխարհի առաջատար կլինիկաների մասնակցությամբ համատեղ կառավարման միջոցով լավագույն արդյունքի հասնելը»,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ քաղաքապետարանը, իր լիազորությունների շրջանակներում, պատրաստ է ըստ ամենայնի աջակցել եւ օժանդակել նման ծրագրերի իրականացմանը:

Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ջոն Քրստոֆը քաղաքապետին է ներկայացրել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները շեշտելով, որ Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնն այսօր լավագույններից մեկն է ոչ միայն Գերմանիայում, այլեւ եվրոպական ողջ տարածաշրջանում:

Հայստանում իրենց կենտրոնն ունենալու գաղափարին, ինչպես նշել է Ջոն Քրիստոֆը, նպաստել է նաեւ փաստը, որ Գերմանիայում իրենց դիմող հիվանդների թվում քիչ չեն հայաստանցիները. «Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է բուժումը տեղում կազմակերպելը»,- նշել է պրոֆեսորն ավելացնելով, որ Երեւանում ստեղծվելիք կենտրոնը ոչնչով չի զիջի Հայդելբերգի կլինիկային:

Ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման երեք փուլից բաղկացած ծրագիրը նախապատրաստական եւ բիզնես բաղադրիչներից բացի,  նախատեսում է նաեւ հայ մասնագետների վերապատրաստում Գերմանիայում: