«Հայաստանում կան բազմաթիվ սերվերներ, որոնք անտեր են, մեկ տարի է` դրել են, եւ չեն էլ իմանում, որ դա իրենցն է»,- NEWS.am-Ինովացիայի հետ զրույցում ասաց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, հավելելով. «Այնինչ սերվերի սպասարկման որակը ուղիղ համեմատական է այդ սերվերների անվտանգության մակարդակի հետ»:

Նրա խոսքով, եթե համապատասխան մասնագետները հետեւողական լինեն, ամեն օր հետեւեն սերվերի աշխատանքին, ապա խնդիրների մեծ մասը կվերանա:

«Եթե մենք վատ կամ էժան ծրագիր ենք դնում, ու ոչ պրոֆեսիոնալին ենք վստահում մենք սերվերը, խնդիրներն ուղղակի անխուսափելի են»,-ասաց Ա. Ալեքսանյանը, հավելելով. «Լավ ծրագիր դիր ու լավ մասնագետ ունեցիր, էժանի հետեւից ընկնել պետք չէ»:

Նշենք, որ «Արմինկոն» սպասարկում է մոտ 2000 կայքերի:

Ինչ վերաբերում է հաքերային հարձակումներին, ապա Ա. Ալեքսանյանի կարծիքով, Հայաստանում մի քիչ ամբիցիոզ են վերաբերում այդ խնդրին, քանի որ կա Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը: «Հաքերներ ամեն տեղ էլ կան, ինչպես որ հոգեկան հիվանդներ կան ցանկացած հասարակությունում»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ամեն երկրորդը իրեն մասնագետ կամ ադմինիստրատոր է համարում, իսկ հաճախ մարդիկ ուղղակի էժան ծառայությունն են նախընտրում, այդ պատճառով հաքերային հարձակումների հաջողված դեպքեր լինում են: