Թբիլիսիում մայիսի 26-ի գիշերը վրացական իշխանությունների գործողությունները հակաժողովրդավարական ու հակասահմանադրական էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ազգայնականության եւ հակամարտությունների հետազոտության ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, հավելելով, որ ներկա պահին իրավիճակը Վրաստանում հանգիստ է:

«Վրաստանի իշխանությունները գործողությունները անվստահություն, դժգոհություն ու զայրույթ է առաջացրել վրաց հասարակությունում: Արյունալի հարձակումը ստվերեց մայիսի 26-ի Անկախության օրը: Դրանք խաղաղ հանրահավաքներ էին, որոնք ոչ ոքի չէին սպառնում»,- նշել է Զաքարեիշվիլին:

Քաղաքագետի կարծիքով, «Ժողովրդական ժողովը» Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ, հաղթելու նվազագույն շանսեր ունի եւ եթե նրանք մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, ապա կարող են առավելագույնը ստանալ 7-8 տոկոս ձայն:

«Բուրջանաձեն հույս ուներ, որ կարող է հեղափոխական ալիք առաջ բերել, սակայն չկարողացավ դա անել, քանի որ չստացավ հասարակության աջակցությունը: Նա հույս ուներ, որ իշխանափոխության միջոցով կարող էր ավելի շատ իշխանություն ստանալ, քան կստանար խորհրդարանական ընտրություններին մասնակցելով: Ինչ էլ որ լինեն նրա գործողությունների դրդապատճառները, միեւնույն է, իշխանությունների գործողությունները անհեթեթ ու ոչ ադեկվատ էին»,-ասել է նա:

Հարցին, թե ինչու այլ ընդդիմադիր ուժեր չմիացան Բուրջանաձեին, Զաքարեիշվիլին պատասխանել է, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը հեղափոխական ճանապարհն անընդունելի է համարում, նախընտրությունը տալով խորհրդարանական ընտրություններով փոփոխությունների հասնելու ճանապարհին: Այդ ուժերը բանակցում են իշխանությունների հետ` խորհրդարանական ընտրությունների գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու շուրջ:

Քաղաքագետի ներկայացմամբ, Բուրջանաձեն կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները ոչինչ չեն փոխի, ինչը հարուցում է հասարակության զարմանքը, քանի որ Բուրջանաձեն նախկինում երբեք որպես ընդդիմադիր խորհրդարանական ընտրությունների չի մասնակցել:

«Հայտարարելով, որ ընտրությունները կեղծվելու են, Բուրջանաձեն ինքն իրեն դնում է փակուղու առաջ, քանի որ ստացվում է, որ երբ ընտրությունները կեղծվում էին իր իշխանության տարիներին, ինքը ոչինչ այդ ուղղությամբ չի ձեռնարկել: Դրա համար էլ հասարակության մեջ Բուրջանաձեի հանդեպ կա անվստահություն, նրա վարքը գնահատվում է որպես փարիսեցիական»:

Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ մայիսի 26-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, անկասկած, կազդեն Վրաստանի վարկանիշի վրա, որպես ժողովրդավարականպետություն: «Միջազգային հանրությունն առանց այդ էլ վաղուց է քննադատաբար վերաբերում Վրաստանին, որովհետեւ Թբիլիսին նահանջում է ժողովրդավարական արժեքներից»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ին դաժանորեն ցրել էին Ռուսթավելիի պողոտայում անցկացված ընդդիմադիր «Ազգային ժողովի» խաղաղ ցույցը։ Վերջին տվյալներով, զոհվել է երկու ոստիկան։ Հաղորդվում է, որ մեկ զոհ կա նաեւ ցուցարարների մեջ։ Մեղադրանք է առաջադրվել 90 մարդու: