Մոտ մեկ շաբաթ առաջ Արմավիրի կենտրոնական զբոսայգում մոտ 800 քմ տարածք «մաքրել են» ծառերից: Երբ արմավիրցիները վրդովվել են այս առնչությամբ, քաղաքապետը եւ համայնքային չինովնիկները հավատացրել են, թե ծառահատում են այգին` հետագայում կանաչապատելու ու դեկորատիվ ծառեր տնկելու նպատակով: Նույնիսկ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպության հարցմանն են այդպես պատասխանել:
Սակայն, ի հեճուկս նրանց հավաստիացումների, օրերս ծառահատված տարածքը վերածվել է խոր փոսի, այսինքն` ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կառույցի հիմք են գցել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի բնակիչ Գուրգեն Բաբայանն ասել է, որ իրենց հայտնի է դարձել, որ ծառահատված տարածքում կառուցվելու է բանկ, իր իսկ վստահեցմամբ, այն կառուցում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Քաղաքացիները կարծում են, որ այսկերպ Ռուբեն Հայրապետյանը վարձատրվել է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կողմից, քանի որ մարտի 20-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում Հայրապետյանը սատարում էր նրան, ինչի արդյունքում «բազմաթիվ կեղծիքներով ու սկանդալով Խլղաթյանը վերանվաճեց քաղաքապետի պաշտոնը»:
NEWS.am-ը փորձեց կապվել Արմավիրի քաղաքապետի հետ` նրանից պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց, քանի որ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանն ասաց, որ նա զբաղված է վաղվա` մայիսի 28-ի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներով:
Ինչ վերաբերում է վերը նշված հարցին, ապա Մովսիսյանն ասաց, որ տվյալ տարածքը հատկացվել է «ինչ-որ մեկին»: Թե ում` նա չասաց, միայն նշեց, որ հողահատկացումը եղել է օրենքով սահմանված կարգով ու առանց խախտումների:
«Քաղաքի գլխավոր փաստաթղթով` գլխավոր հատակագծով այդ հատվածում, որը այգու հարակից տարածքն է, նախատեսված է շինարարւթյուն: Ինչ վերաբերում է մասսայական ծառահատումներ ասվածին, ապա այդպիսի բան գոյություն չունի, դրանք աժիոտաժներ են»,-ասաց նա: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, սակայն չասաց, թե ով է իրականացնում շինարարությունը` ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ:
Մինասյանը նշեց նաեւ, որ Արմավիրի քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատվել է մոտ մեկ տարի առաջ, իսկ վերոնշյալ տարածքը հատակագծում ընդգրկված չէ որպես այգու տարածք:
NEWS.am-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար, հետեւելով Ռուբեն Հայրապետյանի խորհրդին, դիմեց ՀՖՖ մամուլի խոսնակին: Նա, սակայն ասաց, որ հարցի մասին լսում է առաջին անգամ եւ որեւէ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ իր իրավասությունների մեջ է մտնում մեկնաբանել միայն ՀՖՖ-ին առնչվող հարցերը: Իսկ անձամբ Ռուբեն Հայրապետյանին հարկ չհամարեցինք զանգահարել` խուսափելով նրա կողմից հերթական հայհոյախառը խոսքերը լսելուց:






























