Թբիլիսիի Սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման  մարմին) ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն ի նշան բողոքի՝ մայիսի 27-ին լքել են նիստերի դահլիճը՝ զայրութ հայտնելով, որ քաղաքային խորհուրդը հրաժարվել է մայիսի 26-ի ցույցի ցրումն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով ստեղծել։

Ավելին, «Քրիստոնեա-դեմոկրատների» խմբակցության ներկայացուցիչ Զազա Գաբունիայի եւ իշխող «Ազգային շարժում» խմբակցության անդամ Վաթո Նացվլիշվիլիի միջեւ ձեռնամարտ է սկսվել, սակայն  Սակրեբուլոյի պատգամավորները բաժանել են նրանց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 26-ի գիշերը վրացական ոստիկանությունը դաժանաբար ցրել էր ընդդիմության հանրահավաքը: Զոհվել էին երկու ոստիկան, ձերբակալվել` ընդդիմության 90 համակիր: