Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստի սկզբում «Չորս ընկեր» բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ:
Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված «ՏՄՊՊՀ-ն վաղը կներկայացնի բեռնափոխադրումների շուկայի ուսումնասիրության արդյունքները` կպատժվի՞ արդյոք «Չորս ընկերը» լուրին, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ NEWS.am լրատվական կայքը վնասել է իրենց գործարար համբավը: Բարձրաձայն ընթերցվեց լուրի այն հատվածը, որտեղ նշվում էր, թե «Չորս ընկերը» բացահայտ գերիշխող դիրք ունի Թուրքիայից եւ Չինաստանից բեռնափոխադրումների շուկայում:
Նշենք, որ տվյալ լուրի սկզբնաղբյուրը այլ բեռնափոխադրող ընկերություններն են, ինչպես նաեւ Թուրքիայից եւ Չինաստանից հագուստ ներմուծող առեւտրականները: Մեր հարցմանը ենթարկված առեւտրականների կեսից ավելին վկայեց, որ բեռը Հայաստան են բերում եւ կարգո են անում Կառլենի միջոցով (Կառլեն Մկրտչյանը «Չորս Ընկեր» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ «կարգո»-ն` առեւտրականների ժարգոնով մաքսազերծումն է):
Նշենք, որ «Չորս ընկեր» ընկերությունն առեւտրականների շրջանում բարձր հեղինակություն չի վայելում:
ՏՄՊՊՀ նիստից հետո NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ «Չորս ընկեր»-ի ներկայացուցչից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել ձայնագրիչի առկայությամբ: Սա այն դեպքում, որ խոստացանք նրանց տեսակետը լիարժեք ներկայացնել հանրությանը: Հարց է առաջանում` ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվում հանրությանը պարզաբանումներ կամ բացատրություններ տալ:
Մեր կողմից հավելենք, որ «Չորս ընկերի» գործարար համբավը վնասելու ոչ մի մտադրություն չունենք եւ չենք ունեցել: Եւ ընդհանրապես` այս կամ այն ընկերության գործարար համբավը ձեւավորվում է ոչ թե մամուլի հրապարակումների, այլ իրենց գործերի միջոցով: Իսկ «Չորս ընկերը», ինչպես նաեւ մի քանի այլ բեռնափոխադրող կազմակերպություններ սրանով այնքան էլ չեն փայլում: Ու հարկ եմ համարում նշել, որ NEWS.am-ը նույնիսկ կեսն էլ չի հրապարակել այն բացասական արձագանքների, որ ստացել է այդ բեռնափոխադրող կազմակերպությունների, եւ հատկապես` «Չորս ընկերի» վերաբերյալ: Վերջինիս մասին խոսակցություններն ավելի շատ են այն պարզ պատճառով, որ նրանք բացահայտ գերիշխող դիրք ունեն շուկայում եւ գներ են թելադրում:
Օրինակ` ասում են, որ «Չորս ընկերը» ներմուծված հագուստը կամ այլ ապրանքներ մաքսազերծում է մետլախի ու սոսնձի անվան ներքո, որովհետեւ տվյալ դեպքում մաքսազերծման արժեքն ավելի ցածր է: Արդյունքում ստացվել է, որ հանրապետությունը հազարավոր տոննաներով մետլախ է ներմուծում, որի կարիքը բնականաբար չունի: Ի դեպ` նույն մեխանիզմն է գործում նաեւ լոլիկի շուկայում` թուրքական լոլիկը հանրապետություն է ներմուծվում սոխի կամ այլ ավելի էժանագին մթերքի անվան տակ, որի պատճառով շուկայում ավելի էժան է վաճառվում, քան տեղական արտադրության լոլիկը: Ճիշտ է` սրա հետ «Չորս ընկերը» կապ չունի, բայց բոլոր նմանատիպ մեխանիզմները հարկավոր է արմատախիլ անել, քանի որ դրանք արդեն շոշափում են ազգային անվտանգության խնդիրը:
Կրկին հիշեցնենք, որ NEWS.am-ը բաց է` ներկայացնելու «Չորս ընկերի»-ի տեսակետը, սակայն չմոռանանք, որ գերիշխող դիրքերի չարաշահման դեմ պայքարը նաեւ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքներից մեկն է:
Սամվել Ավագյան



























